ԱՄՆ-ում «բարեխիղճ» կողոպտիչը 30 տարի անց վերադարձրել է գողոնը

21:29 • 20.03.13

ԱՄՆ-ում հանցագործը 30 տարի անց վերադարձրել է գողացածը: Անհայտ տղամարդը Միչիգան նահանգի ոստիկաններին ուղարկել էր 1200 դոլար և նամակ՝ խնդրելով այն փոխանցել խանութի տիրոջը, ում մոտից նա գողացել էր այս գումարը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Wood TV-ին:


Իր նամակում տղամարդը նշել է թալանված խանութի հասցեն, ինչպես նաև ոստիկաններին խնդրել է իր ներողությունը փոխանցել խանութի տիրոջը: Անհայտ տղամարդը գրել է, որ իրականում նա գողացել է 800 դոլար, սակայն վերադարձնում է նաև հավելյալ 400 դոլար, որպես ավելացած տոկոսներ՝ ընդգծելով, որ այսքան ժամանակ նրան տանջում էր խիղճը:


Հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ ոստիկաններին հաջողվել է գտնել խանութի տիրոջը և նրան վերադարձնել գումարը: Ոստիկանությունում հայտարարել են, որ տղամարդը ցնցվել էր գողի արարքով: Իսկ շերիֆ Բոբ Բեյքերը հայտարարել է, որ չի փնտրելու գողին: Ըստ նրա, վաղուց լրացել է հանցագործության վաղեմության ժամկետը:


ԱՄՆ-ում սա բարեխիղճ գողի առաջին դեպքը չէ: Ամերիկյան Մասսաչուսետս նահանգում գողը թոշակառուին էր վերադարձրել 90 դոլարը և GPS նավիգատորը, որոնք նրանից գողացել էր 2 շաբաթ առաջ: