Հարսնացու փախցնելը Եգիպտոսում վեր է ածվել հակաքրիստոնեական անկարգությունների
Եգիպտոսի հարավի Վաստա քաղաքում մուսուլմանների բարկացած ամբոխը՝ մոտ 2.000 մարդ, ջարդուխուրդ է արել քրիստոնյաներին պատկանող խանութները, հայտնում է Russia Today-ը: Նրանք փորձել են նաև մի քանի եկեղեցիներ ներխուժել, սակայն ոստիկանության միջամտությամբ դա կանխվել է: Տուժածներ չկան:
Մուսուլմանները հավատացած են, որ անհետացած մուսուլման աղջկա առևանգմանն առնչություն ունեն քրիստոնյաները:
Վաստայում 1 ամիս առաջ դեռահաս աղջիկ է անհետացել. նա տանից հեռացել է փաստաթղթերով, ոսկեղենով հանդերձ: Նրա ծնողները պնդում են, թե տեղի քահանաներից մեկը գաղտնի կրոնափոխ է արել նրան, ինչից հետո «փախցրել է» Թուրքիա:
Իրավապահները հայտնում են, սակայն, որ աղջկա անհետացումը մի երիտասարդ մուսուլմանի ձեռքի գործն է:










