Վրաստանի բանակը պետք է միշտ պատրաստված լինի. Իրակլի Ալասանիա
Վրաստանի դեմ սպառնալիքի վերլուծությունը ցույց է տալիս, որ երկիրը պետք է միշտ լինի ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի վրա։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։
«Վրաստանի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը բազմակողմանի աջակցություն է ստանում թե՛ հանրության շրջանում, թե՛ խորհրդարանում, և ես ցանկանում եմ երախտապարտ լինել դրա համար։ Ցանկանում եմ նշել, որ վերջին տարվա ընթացքում, հետախուզական տվյալներով, չի փոխվել իրավիճակը Ռուսաստանի օկուպացրած տարածքներում։ Իրավիճակը բարդանում է, քանի որ վերջին տարվա ընթացքում հայտնվել են լրացուցիչ սարքավորումներ և բազաներ՝ ինչպես Աբխազիայում, այնպես էլ Ցխինվալի շրջանում»,-ասել է Ալասանիան։
Նա նշել է, որ իրենց հիմնական նպատակը զինված ուժեր ունենալն ու դրանք միշտ ռազմական պատրաստվածության բարձ մակարդակի պահելն է։
«Մենք համակարգված ենք գործում Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի բոլոր հնարավոր սպառնալիքները Վրաստանի տարածքում, այդ թվում՝ գրավյալ տարածքներում, հաշվի առնվեն։ Այդ հարցերը ես քննարկել եմ նաև Թուրքիա և Հայաստան կատարած այցի ընթացքում»,-ասել է Ալասանիան։
Իրակլի Ալասանյան հայտարարել է նաև, որ պետք է ստեղծել շարժական, պրոֆեսիոնալներից բաղկացած զինված ուժեր, որոնք արագ արձագանքման հնարավորություն կունենան։










