Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացվել են լեգենդար «Ապոլլոն»-ի շարժիչները (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հանրահայտ Amazon ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել Ատլանտյան օվկիանոսի հատակից ցամաք հանել լեգենդար «Ապոլլոն 11» տիեզերական առաքելության 2 հրթիռների շարժիչները։
Ինչպես նշում է Daily Mail-ը, հատուկ կազմակերպված գիտարշավը տևել է 3 շաբաթ։ Ցամաք դուրս բերվելուց հետո շարժիչները, որոնք ժամանակին օգնել են տիեզերագնացներին Լուսին հասնել և վերադառնալ Երկիր, կուղարկվեն Ֆլորիդա, ինչից հետո կցուցադրվեն թանգարանում։
Բեզոսն ու իր թիմն օգտագործել են հիդրոլոկատորներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել հայտնաբերել 3 մղոն խորության վրա գտնվող շարժիչները։ Բեզոսն այս նշանակալից իրադարձության կապակցությամբ Twitter-ի իր էջում գրել է.«Մեր հայտնագործած շարժիչները լեգենդար «Ապոլլոն 11» տիեզերական առաքելության մի մասն են, որը թեև 1 փոքր քայլ էր մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության համար»։










