Սիրիայի հակամարտության 2-րդ տարելիցին ալ-Ասադը նոր գնահատական է հնչեցրել
Այս օրերին իր 2-րդ տարին բոլորած Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասին խոսելով՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այն անվանել է «կամքի ու դիմադրության առճակատում», հայտնում է Al Jazeera-ն՝ ըստ արաբական ԶԼՄ-ների նյութերի:
«Այսօր վիրավոր է ամբողջ Սիրիան»,- ասել է ալ-Ասադը Դամասկոսում՝ Գեղարվեստի կրթական կենտրոն իր անակնկալ այցի ժամանակ:
«Սակայն այն, ինչ կատարվում է, չի կարող թուլացնել մեզ, իսկ առճակատումը կամքի ու դիմադրության առճակատում է: Եթե ուժեղ լինենք, ի վիճակի կլինենք պաշտպանել Սիրիայի զավակներին», - ասել նա:
Ալ-Ասադն այցելել էր կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու «ահաբեկչությունների հետևանքով նահատակված ուսանողների ընտանիքներին, անձամբ նրանց ծնողներին պատվելու»:
Մամուլը փոխանցում է նաև, որ ալ-Ասադի գնահատականով՝ Սիրիայի հակամարտությունը «նախևառաջ պայքար է տգիտության դեմ»:
«Թշնամիներին մեր ուղերձն այն է, որ մենք Սիրիան ուժեղ պետության կվերածենք՝ ընդդեմ տգիտության»,- հավելել է նախագահը։










