ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է արձագանքի Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ակնկալում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արագ արձագանքը Սիրիայում մարտի 19-ին քիմիական զենքի կիրառման առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։
«Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարձագանքի քիմիական զենքի կիրառմանը։ Կարևոր է, որ ձևավորվի չեզոք փորձագետների խումբ, որն օբյեկտիվ վերլուծություն կանի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Սիրիայի իշխանությունները հայտարարել էին Հալեպում ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման մասին, որի հետևանքով զոհվել էր 25, լուրջ վնասվածքներ ստացել 110 մարդ։ Սիրիացի զինյալները հերքել էին իշխանության մեղադրանքները՝ պնդելով, որ այդ Սիրիայի կառավարական ուժերն են «Սկադ» տիպի հրթիռներ կիրառել՝ հագեցած թունավոր նյութերով։
Մեկ օր անց Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նամակ էր ուղարկել՝ խնդրելով հետաքննել ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու փաստը։
Ֆրանսիայի խնդրանքով՝ այդ հարցը բարձրացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Արևմտյան երկրները կոչ են արել քննել Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը, այդ թվում նաև այն պնդումը, որ զենքը կիրառվել է սիրիական իշխանությունների կողմից։










