Գազան 4 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Գազայի հատվածից այսօր 4 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հարավային հատված, ինչի հետևանքով որևէ մեկը չի տուժել, փլուզումներ ևս չեն գրանցվել, հայտնում է Russia Today-ը։
Կայքը նկատում է, որ հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Իսրայել կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում։ Բացի այդ, այսօր նախանշված է Օբամայի և Պաղեստինի առաջնորդների հանդիպումը։
Միացյալ Նահանգների նախագահի այցի կապակցությամբ Իսրայելի իշխանություններն աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել, որոնք կարելի է համեմատել միայն 2008թ. Ջորջ Բուշի և 2009թ. Հռոմի պապի այցելության առթիվ կիրառված միջոցառումների հետ։ Ավելի քան 15 հազար ոստիկան համագործակցում է ԱՄՆ-ի անվտանգության ուժերի և հատուկ ծառայությունների հետ։










