Աշխարհում ամեն տարի գազավորված ըմպելիքներից 180 հազար մարդ է մահանում

13:59 • 21.03.13

Շաքար պարունակող գազավորված ըմպելիքները, սպորտային կոկտեյլները և մրգային հյութերը կարող են կապ ունենալ աշխարհում տարեկան 180 հազար մահվան դեպքի հետ, զգուշացնում են ԱՄՆ գիտնականները, որոնց աշխատանքը ներկայացվել է Ամերիկյան սրտաբանական միության (American Heart Association) ժողովի ժամանակ, հայտնում է Обозреватель-ը։

 

Գիտնականները զգուշացնում են, որ քաղցր ըմպելիքների չափազանց շատ օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի ավելացմանը, ինչը նպաստում է շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների առաջացմանը։

 

Օգտագործելով 2010թ. առողջության հարցերով գլոբալ հետազոտության տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են շաքար պարունակող խմիչքների օգտագործման և դիաբետից 133 հազար, սիրտ-անոթային հիվանդություններից 44 հազար և քաղցկեղից 6 հազար մահերի միջև եղած կապը։

 

Ինչպես վստահեցնում են հետազոտողները, այդ մահերի 78%-ը տեղի է ունեցել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Աշխատանքում հաշվի են առնվել միայն մեծահասակ բնակչության շրջանում մահացության տվյալները։

 

Փորձագետները խորհուրդ են տալիս հետևել, որպեսզի գազավորված և այլ քաղցր խմիչքների կալորիաները չգերազանցեն շաբաթական 450 կալորիան՝ օրական 2.000 կալորիա պարունակող սննդային պաշարի պայմանի դեպքում։