ՀՀ է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը, քննարկվել են Գյումրիի ռազմաբազային առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետություն մարտի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ և ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանն ու տեղաբաշխմանն առնչվող մի շարք հարցեր:
Այցի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:










