ՄԱԿ-ն արձագանքել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը. այդ նպատակով փորձագիտական խումբ կստեղծվի

18:34 • 21.03.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ընդունել է Սիրիա անկախ փորձագետներ ուղարկելու առաջարկը՝ երկրում  քիմիական զենքի կիրառման վերջին դեպքն ուսումնասիրելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպմաան ընթացքում։

 

«Ես որոշել եմ ուսումնասիրել այդ հաղորդումները»,-ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

 

Նա հույս է հայտնել, որ առաքելության համար խոչընդոտներ չեն լինի, և նրանք կկարողանան համոզվել Սիրիայի քիմիական զենքի զինապահեստների պահպանության հարցում։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ով էլ կանգնած լինի այդ հարձակման հետևում, պետք է պատասխանատվության ենթարկվի։

 

Զինյալների կողմից քիմիական զենքի կիրառման մասին երկուշաբթի հայտարարել էին Սիրիայի կառավարական լրատվամիջոցները։ Երեկ Դամասկոսը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով քննել միջադեպը։
 

ՌԴ արտգործնախարարությունն իր հերթին կոչ էր արել միջադեպի ուսումնասիրման անկախ հանձնաժողով ստեղծել։

 

Ընդդիմությունը հերքել էր իրեն ուղղված մեղադրանքը և պնդել, որ հարձակումն իրականացրել են կառավարական զորքերը։