Twitter-ը արտոնագրել է Twitter-ը
Twitter-ի հիմնադիրները ստացել են իրենց կողմից ստեղծված համանուն միկրոբլոգների ծառայության արտոնագիրը: Այս համակարգի ստեղծողներ են համարվում Ջեկ Դորսին և Բիզ Սթոունը: Հետաքրքիր է, որ Twitter-ի ստեղծողներից մեկի՝ Էվան Ուիլյամսի անունը չի հիշատակվում, գրում է Вести.ru-ն:
Պատենտի տեքստում նկարագրված է կայքի աշխատանքի սկզբունքները: Այցելուները կարող են «հետևել» միմյանց, իսկ ուղարկված հաղորդագրությունները չունեն հստակ հասցեատերեր: Պատենտավորման հայտը ուղարկվել էր դեռևս 5 տարի առաջ՝ 2007 թվականին, և միայն այս շաբաթ էր հաստատվել ԱՄՆ համապատասխան գերատեսչության կողմից:
Սակայն քիչ հավանական է, որ Twitter-ը կսկսի դատական հայցեր ուղել բազմաթիվ կրկնօրինակների դեմ, գրում է The Verge-ը: Անցյալ տարվա գարնանը ընկերությունը հրապարակել էր «Նորարարի պատենտային համաձայնագիրը» անունով փաստաթուղթ, որում հայտարարվել էր, որ նրանում առկա արտոնագրերը կօգտագործվեն միայն դատական հայցերից պաշտպանվելու համար:










