Հասարակության ակտիվությունը դեռ կարող է փոփոխության հիմք դառնալ. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հավատում է, որ ընտրություններից հետո հասարակության ակտիվությունը դեռ մեծ լիցքեր ունի, որը կարող է փոփոխության հիմք դառնալ:
«Հրապարակում 3 000 մարդ կլինի, թե կես միլիոն, դա չի կարևոր, այլ այն, որ դռները (նկատի ունի երկխոսության - Tert.am) դեռ փակված չեն: Որևէ մեկը չգիտի, թե ինչ է լինելու և, թե որ սահմանից կլինեն զիջումներ»,– ասաց պատգամավորը։
«Ես էլ դժվարանում եմ ասել, բայց որ այս ընտրություններից հետո հասարակության էներգետիկան, քաղաքացիների ակտիվությունը, որն ավելի շատ քվեախցում էր, քան հրապարակում, մեծ լիցքեր ունի, որը կարող է փոփոխության հիմք դառնալ, ես դրան հավատում եմ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, թե շատ դժվար է կանխատեսել, թե ինչ գործընթացներ տեղի կունենան։
«Հայտնի է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկներ է հնչեցնելու և ուղարկելու է իշխանությանը: Այն նշաձողը, որ դրել է Րաֆֆի Հովհանիսյանը, կարևոր է։ Թե հասարակության որ մասն ակտիվ դիրքորոշում կունենա, այս պահին զիջումների հասնելու, դժվարանում եմ ասել»,- ասաց նա:
Ամեն դեպքում Աղվան Վարդանյանը նշեց, որ վիճակը հանգուցալուծում է պահանջում և դա կարող է լինել քաղաքական համաձայնության դաշտում: «Առճակատումները ոչ մի լավ բանի չեն տանելու: Ես չեմ ուզում, որ մեր երկիրը ևս հինգ տարի ընտրությունների արդյունքները մարսելով զբաղվի»,-ասաց ՀՅԴ–ական պատգամավորը:










