Վրաց-ամերիկյան զորավարժությունները մտահոգում են Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ
Վրաց-ամերիկյան AgileSpirit-2013 զորավարժությունները, որոնք սկսվել էին մարտի 18-ին Վազիանիի ռազմաբազայում, մտահոգություն են հարուցում։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսադր Լուկաշևիչը։
«Այդ ամենամյա միջոցառումները, որոնք մեր ամերիկյան գործընկերները պատճառաբանում են «Աֆղանստանում գործողությունների պատրաստվելով», իրոք մտահոգիչ են»,--ասել է նա։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնյան նշել է, որ Վրաստանը 2008թ.-ին Կովկասում զինված հակամարտություն էր սանձազերծել, իսկ այժմ կտրականապես չի հաշտվում նոր քաղաքական իրողության հետ։
«Կարծում ենք, որ ցանկացած օտարերկրյա ռազմական համագործակցություն Թբիլիսիի հետ, ինչն էլ լինի դրա դրդապատճառը, դժվարացնում է խաղաղության և կայունության հաստատումը տարածաշրջանում»,-ասել է Լուկաշևիչը։
Զորավարժությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ ծովային հետևակի 350 զինծառայողներ և Վրաստանի ԶՈՒ 23-րդ գումարտակը, մեկնարկել են մարտի 18-ին և տևելու են մինչև ապրիլի 5-ը։










