Կիպրոսի կառավարությունը պառլամենտին վերստին առաջարկել է քննարկել ավանդների հարկման նախագիծը
Կիպրոսի կառավարությունը վերստին պառլամենտին առաջարկել է քննարկել ավանդների հարկման նախագիծը, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Նախաձեռնությունն առաջ են քաշել Դեմոկրատական կուսակցությունը և ԴԻՍԻ նախագահամետ թևը՝ խորհրդակցելով պառլամենտական կուսակցությունների առաջնորդների հետ:
Առաջարկվում է 10 հզ եվրո և ավել ավանդների դեպքում կիրառել ավելի քան 10% հարկ, և սա այն դեպքում, երբ վարկատուների եռյակի (Եվրահանձնաժողով, ԵԿԲ և ԱՄՀ) զուգահեռ ընթացող բանակցություններում խոսքը գնում է 15%-ի չափով հարկի մասին: Կիպրական կառավարությունը ցանկանում է 1.5 մլրդ եվրո հայթայթել՝ Ազգային բանկի (Laiki) կառուցվածքային վերաձևումների արդյունքում, ևս 1.5 մլրդ կգումարվի ստեղծվելիք Ազգային համերաշխության ֆոնդից, իսկ ավանդների հարկումը կբերի 2.8 մլրդ: Այսկերպ կհավաքվի 5.8 մլրդ եվրո, առանց որի Եվրախումբը պատրաստ չէ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար 10 մլրդ եվրո տրամադրել:
Նախագահ Նիկոս Անաստասիադիսն իր Twitter-ում գրել է, որ որոշումը կլինի դժվար և ցավոտ, «քանզի երկիրն անհրաժեշտ է փրկել»:










