Իրավապահ մարմինները 75.000 անգամ դիմել են Microsoft-ին՝ օգտատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով
Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերությունն առաջին անգամ հրապարակել է մի շարք տվյալներ, որոնք վերաբերվում են ԱՄՆ-ի և այլ երկրների իրավապահ մարմինների՝ օգտատերերի մասին տեղեկություն ստանալու խնդրագրերին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Կայքը նշում է, որ իրավապահների խնդրագրերը մասնավորապես վերաբերել են հետևյալ ծառայություններին՝ Outlook.com, SkyDrive, Xbox Live, Messenger, Skype և այլն։ 2012թ. ինտերնետ հսկան ընդհանուր առմամբ ստացել է 75.300-ից ավելի խնդրագիր՝ Միացյալ Նահանգների և մյուս պետությունների, այդ թվում նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Կանադայի, Իռլանդիայի կառավարական ենթակառուցվածքներից։ Microsoft-ը պատասխանել է այդ դիմումների 78%-ին։
Զեկույցում նշվում է, որ հիմնականում պահանջվել են օգտատերերի IP հասցեները, ազգանունները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև անձնական նամակագրությունը, փաստաթղթեր և լուսանկարներ։
«Նախքան որևէ տեղեկություն տրամադրելը՝ մենք պահանջում ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում նման գործողություններն օրենքի սահմաններում կլինեն»,-բացատրել է ընկերության ներկայացուցիչը։










