Կրակոցներ Ազգային ժողովի մոտ. կա մեկ վիրավոր (տարբերակ 6, լուսանկարներ, տեսանյութեր)
Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել:
Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ի, ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:
Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել:
Tert.am –ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ասաց, որ որևէ մանրամասնի չի տիրապետում՝ ասելով «Դեռ պարզվում է»:
15.32
ՀՀ ոստիկանությունից միայն ասացին, որ միջադեպ է տեղի ունեցել և հանգամանքները պարզվում են։
Tert.am-ի թղթակիցը խորհրդարանի շենքի մոտից տեղեկացնում է, որ այժմ չեն ԱԺ մուտքը փակվել է և լրագրողներին ներս չեն թողնում։ Դեպքի վայրում են ոստիկանները։ Դեմիրճյան փողոցի մուտքից քրեագիտականից մեծ մեքենա մտավ ԱԺ։
ԱԺ շենքի մոտ հավաքված են բազմաթիվ լրագրողներ, իսկ անվտանգության աշխատակիցները հրաժարվում են որևէ բան ասել։
Ներսի աղբյուրներից պարզ է դարձել, որ Բաղրամյան անցակետից միջին տարիքի մի տղամարդ դանակը ձեռքին, առանց փաստաթղթի փորձել է մուտք գործել։ Անվտանգության աշխատակիցները զգուշացրել են առաջ չգալ, սակայն քաղաքացին չի ենթարկվել հրահանգին։
Անվտանգության աշխատակիցը նախազգուշացնելու համար օդ է կրակել։ Դրանից հետո էլ քաղաքացին չի ենթարկվել, ինչից հետո անվտանգության աշխատակիցը կրակել է նրա ոտքին։
Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այս պահին ներսում աշխատում են քննիչները։
Ըստ տարածված տեղեկությունների՝ տղամարդը հայտարարել է, թե ինքն Աստված է։
16.07
Քիչ առաջն ԱԺ մուտք գործեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ անհրաժեշտ առաջնային քննչական գործողություններ պետք է կատարվեն։
Արմեն Նադիրյանը ընդհուպ հրաժարվեց ասել, թե տղամարդը որ մուտքից է փորձել մտնել ԱԺ։
Ի պատասխան Tert.am հարցին, թե ինչու է ՀՔԾ-ը զբաղվում գործի նախաքննությամբ, այլ ոչ թե Ոստիկանությունը, նա ասաց. «Դուք գիտեք, որ հատուկ սուբյեկտների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունն է նախաքննությունն իրականցնում, երբ կողմերից մեկը մեր սուբյեկտն է ...»։
Դրանից հետո, երբ լրագրողները հարցրեցին, թե կարելի է եզրակացնել, որ այդ մարդը եղել է պաշտոնյա, Արմեն Նադիրյանը ոչինչ չպատասխանեց և հեռացավ։
16.52
Ավելի ուշ Tert.am–ի թղթակիցը տեղեկացել է, որ հակառակ ԱԺ ընդունարանի անվտանգության աշխատակիցների զգուշացումներին, փաստորեն, դանակով զինված տղամարդը կարողացել է ԱԺ ընդունարանի մուտքից մինչև աստիճաններ հասնել։ Այդ ժամանակահատվածում ընդունարանից լրացուցիչ ուժեր են պահանջել ԱԺ–ի շենքից, ովքեր էլ օդ կրակելուց հետո կրակել են նրա ազդրին։
Նշենք, որ վիրավորը, Մասիսի բնակիչ 1988թ.-ին ծնված Վրեժ Գալստյանն է, ով տեղափոխվել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց։
ԵՊԲՀ մամուլի ծառայությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ վիրավորը ազդրի միջին ծանրության հրազենային վնասվածք է ստացել։ Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
17.32
Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգը հավաքված լրագրողներին տեղեկացրեց, որ Վրեժ Գալստյանին անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար տեղափոխել են վիրահատարան:
Հարցին, թե արդյոք տղայի վերքը կյանքին վտանգ կսպառնա, անեսթեզիոլոգին պատասխանեց, որ ցանկացած վերք վտանգավոր է:
Վիրահատող բժշկուհի Հերմինե Ասատրյանն էլ վիրահատարան մտնելուց առաջ ասաց, որ միջանցիկ վերք է ազդրի վերին հատվածում, ոսկոր և անոթներ չեն վնասվել: Վիարահատական միջամտությունը կտևի մեկ ժամից ավելի։
18.02
Առաջին հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 15:15-ին Վրեժ Գալստյանին տեղափոխել են հիվանդանոց՝ ազդրի վերին, երրորդական հատվածում հրազենային վնասվածքով։
«Կատարվել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որի արդյունքում չի հայտնաբերվել ոսկրի կամ անոթի վնասում»,-ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ հիվանդին տեղափոխել են արդեն վիրահատարան, որտեղ կատարվում է առաջնային վերքի մշակում և դրենաժ։
Գլխավոր բժիշկը նշեց, որ նրա հոգեկան վիճակի մասին ոչինչ չի կարող ասել։ «Որովհետև հիմա նա ցավազրկումների տակ է գտնվում և շտապօգնության բժիշկներ են կատարել ցավազրկում»,-ասաց նա։
Հարցին, թե որքան կմնա հիվանդանոցում, բժիշկը պատասխանեց, որ վիրահատություն որպես այդպիսի չի լինելու։ «Այսօր կմնա ինտենսիվ թերապիայում, առավոտյան կտեսնենք առողջական վիճակը։ Շուտ դուրս կգրվի։ Ամեն դեպքում վնասվածքը ծանր չէ և հաշմանդամ չի դառնա»,- նշեց նա։
Կարեն Սահակյանը տեղյակ չէր, թե բարեկամներ եկել են Վրեժին այցելության, թե ոչ։
Տեսանյութը՝ Panorama.am–ի










