Ամերիկացուն անմեղ են ճանաչել 23 տարվա բանտարկությունից հետո

09:09 • 22.03.13

Սպանության մեղադրանքով 23 տարի ազատազրկման մեջ անցկացրած ամերիկացուն երեկ արդարացրել են և ազատ են արձակել դատարանի դահլիճից. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ The Wall Street Journal-ի հղումով։


Դեյվիդ Ռանտան Բրուկլինի դատարանի կողմից արդարացվել է, քանի որ նրա հանցանքն ապացուցող ուղղակի փաստեր չեն եղել։


23 տարի առաջ՝ 1991թ.-ին նա Բրուկլինի դատարանի կողմից դատապարտվել էր 37 տարվա ազատազրկման։


Հետաքննության վարկածով, դրանից մեկ տարի առաջ, թանկարժեք իրերի անհաջող կողոպուտի փորձի ընթացքում նա կրակել էր հոգևորական Հասքել Վերցմերգերին։ Հոգևորականը, ով կողոպուտի պատահական վկան էր դարձել, մահացել էր դեպքի վայրում։


35-ամյա Ռանտան, ով որոշ ժամանակ թմրանյութեր էր օգտագործել, մեղավոր էր ճանաչվել՝ մի քանի վկաների ցուցմունքների հիման վրա։ Ինքը, սակայն, չէր ընդունել մեղադրանքն ու երկու անգամ բողոքարկել էր այն։


2011թ.-ին նրա գործի վերաքննություն էր սկսվել։ Այդ ընթացքում իրենց ցուցմունքներից հրաժարվել էին վկաներից մի քանիսը։ Նրանցից մեկը, ով 1990թ.-ին 13 տարեկան էր եղել, պատմել էր, որ իրեն քննիչներն են ստիպել ցուցմունք տալ։


Ավելի ուշ ցուցմունքներից հրաժարվել էին նաև երկու այլ վկաներ։ Բացի այդ, հետաքննությունը ցույց էր տվել, որ գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել. օրինակ՝ կորել են հարցաքննությունների արձանագրությունները և մի քանի այլ փաստաթղթեր։


Այս պահին Դեյվիդ Ռանտան 58 տարեկան է։ Ազատ արձակվելուց հետո նա դատարանի դահլիճում լրագրողներին ասել է, որ ինքն ապշած է։


2012թ.-ին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1989թ.-ից հետո ԱՄՆ-ում ազատ է արձակվել 2000 մարդ, ովքեր ծանր հանցագործությունների համար դատապարտվել, ապա արդարացվել են։