Սարկոզիին «Բետանկուրի գործով» մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «Բետանկուրի գործով»։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբան Տյերի Հերցոգը մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո, որն ավարտվել է երեկ՝ Բորդո քաղաքի արդարադատության պալատի շենքում։
Այդ լուրը շատ անսպասելի է եղել։ «Դա անարդար և փաստաբանական տեսանկյունից անհամապատասխան որոշում է»,- հայտարարել է փաստաբանը՝ նշելով, որ ինքը պատրաստվում է բողոքարկել այն։
Հետաքննության տվյալներով՝ 2007-ին Նիկոլա Սարկոզին օգտվել է Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկի՝ L'Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բենտակուրի առողջական վիճակից՝ ստանալով գումար իր նախընտրական քարոզարշավի համար։
Հիշեցնենք, որ Բետանկուրի գործը սկսվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկի՝ L'Oreal ընկերության հիմնադիր Լիլիան Բետանկուրի հաշվապահը հրապարակայնորեն հայտարարեց, որ Բետանկուրը 150 հազար եվրո է փոխանցել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար։
Ըստ երկրի օրենքների՝ թեկնածուների քարոզարշավի համար 4 600 եվրոյից ավելի դրամական նվիրատվություն կատարելն անօրինական է համարվում։
Համաձայն մի քանի վկաների ցուցմունքների՝ Սարկոզին նախագահական ընտրություններից առաջ մի քանի անգամ այցելել է Բետանկուրին։










