Մոլորակի մոտ 900 մլն մարդու համար հասանելի չէ մաքուր խմելու ջուրը. ՅՈՒՆԵՍԿՕ
Մոլորակի մոտ 900 մլն մարդու համար հասանելի չէ մաքուր խմելու ջուրը, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Այս տվյալները Ջրի միջազգային օրվա կապակցությամբ Բեռլինում ներկայացրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Եվա Պադբերգը։
Օրվա խնդիրը, որն այս տարի անցկացվում է «Ջրային համագործակցություն» կարգախոսով, հանրության ուշադրությունը հրավիրելն է կարևորագույն բնական ռեսուրսի նշանակության և աշխարհի տարբեր շրջաններում դրա անբավարարության վրա։
«Ջրի հետ կապված իրավիճակը մոլորակի շատ անկյուններում ողբերգական է։ Միլիոնավոր երեխաներ այլ ընտրություն չունեն, քան աղտոտված ջուր խմելը, չնայած նրանք գիտեն, որ կարող են հիվանդանալ»,- ասել է գերմանացի թոփ-մոդելը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվարկներով՝ աշխարհում յուրաքանչյուր օր աղեստամոքսային հիվանդություններից մահանում է մինչև 5 տարեկան մոտ 2.000 երեխա։ Այդ մահացությունների գրեթե 99%-ը գրանցվում է զարգացող երկրներում, նախևառաջ՝ Աֆրիկայում և Հարավային Ասիայում։










