Ապրիլի 8-ին նախատեսված մեկ միլիոնանոց խաղաղ երթը, հավանաբար, կհետաձգվի. կազմակերպիչ (տեսանյութ)
Ամենայն հավանականությամբ կհետաձգվի ապրիլի 8-ին նախատեսված մեկ միլիոնանոց խաղաղ երթը դեպի նախագահի նստավայր. այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված բաց դասին հայտարարեց խաղաղ երթի կազմակերպիչ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը։
Ըստ նրա՝ ինքը խոսք է տվել ապրիլի 8-ը չկարևորել ապրիլի 9-ի շարժումից։ «Ես հետ չեմ կանգնում իմ նախաձեռնությունից, ուղղակի հարգելով առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» մյուս գործիչների հորդորները, որ հանկարծ սադրանք չլինի ապրիլի 9-ից առաջ, հնարավոր է, ամենայն հավանականությամբ, այն կհետաձգենք ավելի ուշ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել են 10 000-ից ավելի մարդ։
«Բայց մի օր պետք է ազգովի դուրս գանք փողոց՝ խաղաղ ճանապարհով ցույց տալու ոչ միայն տվյալ ռեժիմին, այլ նաև միջազգային հանրությանը, որ մենք այլևս չենք ուզում այսպես ապրել»,-ասաց ռեժիսորը։
Նա այսօր աստիճաններին նստած երիտասարդների հետ անկեղծացավ, թե 2008-ին ինքը ընտրել էր Սերժ Սարգսյանին՝ հավատալով նրա բարեփոխումների ծրագրին։
«Ես ավելի շատ որպես պահանջատեր ընտրել եմ, և ես էլ ասում եմ, որ դուք չեք կատարել ձեր խոստումը և այսօր պետք է ցած իջնեք այդ աթոռից։ Նախաձեռնեցի, որ մի օր ազգովի դուրս գանք, Բաղրամյան 26 կգնանք, թե այստեղ կգանք, կարևոր չի, կարևորը, որ դուրս գայինք և ֆիզիկապես ցույց տայինք, և ասեինք, որ դեմ ենք այս համակարգին»,- ասաց նա։
Նշենք, որ Facebook-ում Արշակ Զաքարյանի ակցիան կոչ էր անում բոլորին հավաքվել Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով բարձրանալ նախագահի աշխատավայր՝ հայտնելու անվստահությունը ներկա իշխանություններին։










