Մահացել է Բորիս Բերեզովսկին. շրջանառվում է ինքնասպանության վարկածը (թարմացված)

20:20 • 23.03.13

Մահացել է լոնդոնաբնակ ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին, հայտնում են Gazeta.ru-ն և Lenta.ru՝ վկայակոչելով նրա փեսայի գրառումը Facebook-ում:


Նույնը հաղորդում է նաև НТВ-ն: Մանրամասներ հայտնի չեն, տեղեկությունը վերջնականապես հաստատված չէ: RBK-ի փոխանցմամբ՝ Բերեզովսկու Մոսկվայի իրավաբան Անդրեյ Բորովկովը հայտնել է, որ այդ մասին ԶԼՄ-ներից է լսում:


Տեղեկության սկզբնաղբյուրը Բերեզեվսկու կրտսեր դստեր ամուսնու՝ Եգոր Շուպենի Ֆեյսբուքում արած գրառումն է:


Վերջինս նախկինում մեղադրվել էր Կիևում Բերեզովսկու պատվերով ահաբեկչություն իրականացնելու համար:

 


20:45

Լուրը հաստատել են մի քանի այլ աղբյուրներից: Մասնավորապես նրա մերձավորներից հրատարակիչ Դեմյան Կուդրյավցևը ասել է, որ նա մահացել է առավոտյան ժամը 11-ին Լոնդոնում: Նրա շրջապատից մեկ այլ գործիչ՝ իրավաբան Մարկ Ֆեյգանը ասել է, որ Բերեզովսկու մահվան մասին իմացել է իրենց ընդհանուր մտերիմ ընկերոջից: Իսկ Բերեզովսկու փեսան հայտնել է, որ վերջին ամիսներին նա դեպրեսիա է ունեցել և քիչ մարդկանց հետ է շփվել, հայտնում է RBK-ն:

 

Ռուսաստանյան սոցցանցերը ողողվել են Բերեզովսկու մահվան մասին լուրերով, այդ թվում՝ իրարամերժ: Իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկին գրում է FB-ի իր էջում, թե Լոնդոնից զանգ է ստացել, որի համաձայն Բերեզովսկին ինքնասպանություն է գործել:Դոբրովինսկին Russia Today-ն հայտնել է, որ օրերս Բերեզովսկին ծանոթներից 5000 դոլար փող է ուզել՝ ինչ-որ տեղ գնալու համար:

 


21:15

ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը հայտնում է, որ անցած շաբաթ Բերեզովսկին սրտի մի քանի տագնապ է ունեցել: Իսկ Russia Today-ը գրում է, որ Բերեզովսկուն մահացած են գտել Սարիի իր բնակարանի լոգարանում: