Կիպրոսի կառավարությունը հավանության է արժանացրել հակաճգնաժամային փաթեթի հիմնարար օրինագծերը
Կիպրոսի խորհրդարանը երեկ ուշ երեկոյան հավանության է արժանացրել միանգամից 3 օրինագիծ, որոնք ազգային հակաճգնաժամային փաթեթի հիմք են հանդիսանում, առանց որի երկիրը չի կարող ստանալ վարկային օգնություն Եվրոպական Միությունից, Եվրոպական կենտրոնական բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից և սնանկ կճանաչվի։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, օրենսդիրները միաձայն քվեարկել են Համերաշխության ներդրումային հիմնադրամի ստեղծման օգտին։ Նախատեսվում է, որ այս հիմնադրամն արժեթղթեր կթողարկի՝ տնտեսությունը վերականգնելու նպատակով։
Բացի այդ, միաձայն քվեարկության արդյունքում օրենսդիրներն ընդունել են նոր օրինագիծ, համաձայն որի՝ ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում բանկային փոխանցումների համար, որի հիմնական նպատակն է կանխել կապիտալի դուրս բերումն արտերկիր։
Երկարատև քննարկումներից հետո ընդունվել է նաև 3-րդ օրինագիծը, որը ենթադրում է երկրի բանկային համակարգի առողջացում։ Այն իրավունք է տալիս կառավարությանը վերակազմավորել խնդրահարույց բանկերը։ Կանխատեսվում է, որ վերակազմավորմանն առաջինը կենթարկվի Կիպրոսի ազգային բանկը, որն առավել շատ է տուժել ճգնաժամից։










