Հայկ Դեմոյանը ՀՀԿ ավագանու անդամի թեկնածու է դարձել Ծիծեռնակաբերդի զբոսայգուն օգնելու համար

11:43 • 23.03.13

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իրեն նոր տիտղոսներ ավելացնելու խնդիր չունի և մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկվելուն իր համաձայնությունը տվել է երկու հիմնավոր պատճառներով:


Tert.am –ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը ասաց, թե առաջին պատճառն այն է, որ լինելով մայրաքաղաքի բնակիչ, իր մեջ տեսնում է հնարավորություններ՝ Երևանում ինչ-որ բան ուղղելու, շտկելու:


Սակայն երկրորդ և ավելի կարևոր պատճառն այն է, որ նա ղեկավարում է մի կառույց, որը գտնվում է մայրաքաղաքում և որը գտնվում է Երևանի ամենախոշոր կանաչ զանգվածի տարածքում՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգում: Ուստիև, իր ավագանու թեկնածու լինելը դիտում է որպես քաղաքապետարանի հետ համագործակցության և համադրված աշխատելու շատ լավ հնարավորություն: «Ամբողջ կանաչ զանգվածի, մայրաքաղաքի էկոլոգիական անվտանգության տեսակետից շատ կարևոր համարվող մասը՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգին, պետք է ամբողջովին կանաչապատվի և բնապահպանական առումով դառնա քաղաքացիների համար սիրված հանգստի գոտի:


Քաղաքապետարանն այս առումով ծրագիր է իրականացնում, որը կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ»,- ասաց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ սիրելով թիմային աշխատանք՝ պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ որպես անկուսակցական անձ, հատկապես, որ այն գործունեությունը, որը զբոսայգու հետ կապված պիտի ծավալեր որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, հիմա կհամատեղի, քանի որ ավագանի լինելը նրան ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն կտա:


Նշենք, որ Ծիծեռնակաբերդի տարածքի կանաչ զանգվածի 100 հեկտարն ամրակցված է Հայոց ցեղասպաանության թանգարան-ինստիտուտին:


Հայկ Դեմոյանն ասաց, որ իրենք պարզապես համեստաբար չեն խոսում, թե վերջին վեց տարիների ընթացքում ինչ աշխատանք է տարվում այդ տարածքը կառուցապատումից զերծ պահելու, կանաչ տարածքը, ոռոգման ցանցը պահպանելու ուղղությամբ:
«Այս աշխատանքը արվում է շատ համեստ, առանց կրակոցների, առանց թմբկահարումների»,-մանրամասնեց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ այն պահին, երբ ստանձնեց թանգարանի ղեկավարի պաշտոնը՝ տարածքը վտանգված էր:


Ի պատասխան հարցի, թե «առանց կրակոցների» ասելով նկատի ունի, որ ստիպված է տարածքը պաշտպանել բարձրաստիճան պաշտոնյաների ոտնձգումների՞ց, նա ասաց.« Ես ուղղակի միշտ հետևում էի Մաշտոցի պուրակի այդ իրադարձություններին և հասկանում էի այն երիտասարդներին, ովքեր հավաքվել էին այնտեղ: Իհարկե, գովելի է, որ կար բարձրաձայնում, հասարակական հնչեղություն, և ուրախ եմ այն արդյունքներով, որ այսօր կան: Բայց եկե՛ք չմոռանանք, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգին քսանապատիկ , եթե ոչ ավելի, Մաշտոցի պուրակն է, որն այսօր պահվում է թանգարանի ջանքերով»:


Հայկ Դեմոյանն ավելացրեց, որ դրա համար թանգարանում չեն ուզում գովեստի խոսքեր լսել՝ համարելով, որ անում են իրենց աշխատանքը՝ «ի հեճուկս այդ տարածքի հետ կապված շատ ու շատ փորձերի»:


Պատմաբանը հավելեց, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգուց կառուցապատումների նպատակով հողահատկացումները դադարեցված են 2007-ից: