Դանակով ԱԺ ներխուժելու փորձ կատարած Վրեժ Գալստյանի մոտ հոգեկան շեղումներ կան

14:14 • 23.03.13

Ազգային ժողով երեկ դանակով ներխուժելու փորձ կատարած Մասիսի բնակիչ, 25-ամյա Վրեժ Գալստյանին այսօր հիվանդանոցում այցել է հոգեբույժը, ով նրա մոտ հոգեկան շեղումներ է հայտնաբերել, այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: 


«Քաղաքացու մոտ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ»,- նշեց բժիշկը և տեղեկացրեց, որ հիվանդը արդեն տեղափոխվել է բաժանմունք:


Կարեն Սահակյանը նաև նշեց, որ մասնագետների կողմից արդեն կա պայմանավորվածություն՝ Վրեժ Գալստյանին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:


«Մեզ մոտից դուրս գրվելուց հետո արդեն, անպայման, նա պետք է մասնագիտական համապատասխան կլինիկայում մասնագիտական բուժօգնություն ստանա»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ դանակով զինված Վրեժ Գալստյանը երեկ փորձ էր արել մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել, ինչի հետևանքով քաղաքացին ոտքից վիրավորվել էր: Վրեժ Գալստյանին տեղափոխել էին հիվանդանոց՝ ազդրի վերին, երրորդական հատվածում հրազենային վնասվածքով, որտեղ նա ենթարկվել էր վիրաբուժական միջամտության: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։