Կարելի է ասել, որ սա իմաստուն քայլ է. Մարտին Վարդազարյանը՝ «Մարտի 1-ի» գործը բացահայտված չլինելու մասին
ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ Մարտին Վարդազարյանն այսօր լրագրողների հետ խոսելով Հայաստանի առջև կանգնած խնդիրներից մեկի՝ արտագաղթի մասին, նշեց, որ անբնական երևույթ չէ, երբ մարդիկ ցանկանում են հեռանալ երկրից: Պարզապես նրա համար անհասկանալի է, թե ինչու են բոլորը դա մատնացույց անում:
«Ուզում են ասել, որ տեսեք այս պետությունից փախնում են մարդիկ, ներողություն, Ֆրանսիայից մարդ չի՞ փախնում: Հայրենասիրություն հասկացությունը մի փոքր վերացել է, երբ որ մեկը մի անհավանական բան է ասում բոլորը հավատում են: Հիշու՞մ եք այն տհաճ «Մարտի 1-ը», բոլորիս համար, դա տհաճ երևույթ էր, հիշու՞մ էք ինչ աղմուկ բարձրացավ, ասում էին երեխա են սպանել, ահա նրա կոշիկը, հետո ինչ պարզվեց, ասում էին այստեղ ծնոտ են գտել՝ մարդու ծնոտ: Կողքը կոտրված մեքենաները, խանութները չենք նկատում կողքը անհայտ ծագում ունեցող ծնոտը նկատում ենք ու խոշորացնում ենք»,- ասաց նա:
Tert.am-ի այն դիտարկմանը, թե ՀՀ արվեստի վաստակավոր գործիչն ի՞նչ կասի 2008-ի «Մարտի 1-ի» 10 զոհերի փաստի առթիվ, Մարտին Վարդազարյանը նշեց.
«Մինչև հիմա մի կողմից կարելի է ասել՝ ինչու չի բացահայտված, մյուս կողմից էլ կարելի է ասել, որ սա իմաստուն քայլ է, որ չի բացահայտվում, որովհետև լրացուցիչ հակադրում կառաջացնի: Այդ հանգամանքին էլ ուշադրություն դարձրեք»,- ասաց նա:
Նրան հակադարձեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ընդգծեց, որ «Մարտի 1-ի» դեպքերը պետք է բացահայտվեն:
«Ես գտնում եմ, որ պետք է բացահայտվի, դա կլինի 5 թե 10 տարի հետո: Պետք է բացահայտվի, որպեսզի մեր կյանքում այլևս նման բան տեղի չունենա: Մեր վերընտրված նախագահը պետք է մտածի սրա մասին, որ «Մարտի 1-ի» իրական պատկերը բացահայտվի»,- ասաց նա:










