Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի և Մարտին Վարդազարյանի՝ նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծ էր
Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքը, ըստ ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի՝ տվեց բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին նա կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Գուցե շատերի համար ոչ այնքան հաճելի էին այդ պարզաբանումները ստանալը, բայց բացահայտվեց այն, ինչի մասին խոսակցություններ էին գնում՝ խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին է: Այս հարցը կարելի է համարել փակված, քանի որ ամեն ինչ ասված է ու ասված է անկեղծ»,- ասաց նա:
Նախագահի անկեղծ լինելու մասին խոսեց նաև գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա նշեց, որ նախագահը շատ անկեղծ էր լրատվամիջոցների հետ, ամենակարևորը՝ խոսում էր բանավոր ու զգացմունքային էր:
«Իմ գնահատականը շատ բարձր է հարցազրույցից։ Ներքին հպարտություն ապրեցի, որ ընտրել ենք նախագահ, որը ոչ միայն իր երկիրը լավ գիտի, այլ նաև սիրում է իր ժողովրդին: Այսքանից հետո անընդհատ ասել, թե հաղթել է ժողովուրդը մի տեսակ տարօրինակ է թվում, ստացվում է, որ ժողովրդի այն հատվածը, որը ձայն է տվել նախագահին , ժողովուրդ չէ՞»,-ասաց նա:
Նա մեջբերեց հայ մեծ գրող Հովհ. Թումանյանի դեռևս 1909-ին ասված խոսքը. «Այսօր բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց ժողովուրդը գիտի ինչ է որոշել, ժողովուրդն է, որ պետք է ասի, ժողովուրդը չի ների: Ու՞ր ես ժողովուրդ քեզ էլ են կեղծում»:
«Այս ցավը, տխուր պատկերը մեր ժողովրդի մեջ արդեն 120 տարի է շրջում է, գուցե դեռ ավելին: Ի՞նչ իմաստ ունի պառակտող խոսքեր ասել, այդ խոսքերով հանում ենք ժողովրդի մի մասին մյուսի դեմ: Րաֆֆին երիտասարդ է, թող գնա տուն, զբաղվի մի գործով, թող էլի շարունակի մնալ քաղաքականությամբ: Ճիշտ կլինի, որ հացադուլը դադարեցնի ու գնա տուն, պետք չէ հոգս դառնալ ժողովրդի համար: Վերջին հաշվով ինքը մեր տղան է»,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մարտին Վարդազարյանն էլ հորդորեց բոլորին կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Հայի չափը չափազանց է» գիրքը, որտեղ հայը միշտ կռվում է իր մեջ ապրող երկրորդ հայի հետ մինչև կյանքի վերջ:
Լրագրողի հարցին, թե արդյոք նրանք մտավորականությանը խորհուրդ չե՞ն տա կարդալ Նազարեթ Կիրակոսյանի «Քծնանքի դեղ» ժողովածուն, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանեց.
«Ես հասկանում եմ, թե ինչ ենթատեքստով եք ասում: Մտավորականությունն այսօր քաշվել է իր տուն ու աշխատում է չխառնվել ոչ մի բանի, զգուշանում է մամուլից, որ կասեն քծնող, սիրաշահող, բայց անհասկանալի է, թե ինչու մարդը չի կարող այլ տեսակետ ունենալ: Ինչու ես չեմ ասում, որ դու քծնում ես այն կողմին: Ուրեմն մի վիրավորեք ինձ»,- ասաց նա:
Մարտին Վարդազարյանն էլ իշխանությանը պաշտպանելու միտումը բացատրեց նրանով, որ ինքը ոչ մի իրական նախընտրական ծրագիր չի տեսել, բացի Սերժ Սարգսյանի ծրագրից, որի մի մասն արդեն իրականացված է:










