Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է բուժզննումից
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Ազատության հրապարակում հացադուլ է անում արդեն 14-րդ օրը, դեռևս թույլ չի տալիս շտապօգնության բժիշկներին, որ ստուգեն իր առողջական վիճակը։
Հրապարակից մի փոքր այն կողմ տեղակայված շտապ օգնության մեքենայում քիչ առաջ հերթապահությունը ստանձնած բժիշկը, ով չներկայացավ, Tert.am-ին ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց հերթական անգամ արգելել է բուժզննում անցկացնել՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում։
Արագածոտնի մարզից Ազատության հրապարակ եկած տիկին Գալյային չհաջողվեց տեսնել Րաֆֆի Հովհանիսյանին, ով գտնում էր՝ իր իսկ խոսքով VIP սրահում։
Տիկինը նրա օգնականներին խնդրում էր տեղեկացնել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ինքը կարճ ժամանակով է Երևանում և ուզում է նրան տեսնել, նոր գնալ գյուղ։ Օգնականները ասացին, որ չեն կարող խանգարել հացադուլավորին, քանի որ վերջինս հոգնած է և մի փոքր հանգստանալու կարիք ունի։ Տիկին Գալյան հիասթափված լքեց հրապարակը՝ չցանկանալով խոսել։
Իսկ հրապարակում բուռն քննարկումների մթնոլորտ էր։ Ավելի տարիքովները հավաքվել են Րաֆֆի Հովհաննիսյանի հովանոցի շուրջ, իսկ երիտասարդները աստիճաններին նստած բացօթյա հերթական դասն էին ունկնդրում, որը վարում էր ռեժիսոր Արշակ Զաքարյանը։
Հրապարակում համերգի էին պատրաստվում «Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Նորայր Քարտաշյան և ընկերներ» ռոք խմբերը։ Երիտասարդներ կային, որոնք Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին նստած կիթառներով նվագում էին, երգում՝ սպասելով համերգին։










