Ձյան առատ տեղումների պատճառով Կիևում արտակարգ դրություն է սահմանվել
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արտակարգ դրություն է սահմանվել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Կիևի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։ Քաղաքային իշխանություններն ընդգծում են, որ անցած օրերին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղացել է 50 մմ ձյուն. դա ամսական նորմայից ավելի է, որը կազմում է 47 մմ։
Քաղաքապետարանը կոմունալ ծառայություններին հանձնարարել է շուրջօրյա ռեժիմով մաքրել մետրոյի կայարանների մուտքերը, ստորգետնյա անցումների աստիճանները, հիվանդանոցների և խանութների շրջակայքը։
Եղանակի դեմ պայքարում քաղաքային իշխանություններին օգնում են նաև զինվորականները։
Համաձայն հիդրոօդերևութաբանների կանխատեսումների՝ Կիևում այսօր տեղումներն ինտենսիվ կերպով կշարունակվեն, իսկ արդեն լույս կիրակի գիշերը տեղումները կնվազեն։










