Թալիբանը «մահվան ջոկատներ» կուղարկի Պակիստանի նախկին նախագահի ետևից

20:14 • 23.03.13

Ծայրահեղական «Թալիբան» շարժումը իր կողմնակիցներին կոչ է արել սպանել Պակիստանի նախկին նախագահ Պերվես Մուշարրաֆին, եթե նա կիրակի օրը վերադառնա երկիր, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով CNN-ին:


Համացանցում հայտնվել է այսպես կոչված «պակիստանյան Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ» Էսանուլլա Էհսանի տեսանյութը, որում գրոհայինները խոստացել են քաղաքական գործչին սպանելու համար «մահվան խումբ» ուղարկել:


Մուշարրաֆը, ով ամերիկացիներին ակտիվորեն օգնում էր Աֆղանստանում թալիբների դեպ պայքարում, իր պաշտոնը լքել էր 2008 թվականին և հիմնականում բնակվում է Լոնդոնում և Դուբայում: Վերջերս նա հայտարարել էր, որ ցանկանում է վերադառնալ երկիր և մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որպես քաղաքական կուսակցության ղեկավար:


Հիշեցնենք, որ Մուշարրաֆի վերադարձից դժգոհ են նաև Պակիստանի ներկայիս իշխանությունները: Նախկին նախագահին նրանք համարում են կաշառակեր: 2012 թվականի օգոստոսին դատարանը առգրավել է գեներալի ողջ սեփականությունը և սառեցրել է տեղի բանկերում նրա հաշիվները: Պակիստանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ երկիր ժամանելուց հետո Մուշարրաֆը պետք է ձերբակալվի: