ԱԺ–ի կրակոցի գործով ՀՔԾ-ն նշանակել է փորձաքննություն. Սոնա Տռուզյան
Ազգային ժողով ներխուժելու փորձ կատարած Վրեժ Գալստյանի գործով նախաքննություն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը նշանակել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են ականատեսներ, ինչպես նաև ԱԺ-ում պետական պահպանության ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները:
Այս մասին Tert.am -ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ լիարժեք քննություն է տարվում դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
«Հարցաքննվել է նաև նրա մայրը: Ըստ մոր տված ցուցմունքների՝ նա մեկ տարի առաջ հոգեբուժական կլինիկայում բուժում է ստացել, նախաքննական մարմինը համապատասխան կլինիկայից պահանջել է նաև նրա բուժում ստանալու փաստաթղթերը և այդ ամենի համալիր արդյունքում նորից կնշանակվի փորձաքննություն»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՝ ժամը 14։50-ի սահմաններում, հաղորդվեց, որ քաղաքացի Վրեժ Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաև ԱԺ վարչական շենք և այս ընթացքում բղավել, որ ինքն Աստված է:
Նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին և իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիև քաղաքացու տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։
Ի պատասխան հարցի, թե կարո՞ղ է նշել Վրեժ Գալստյանի վրա կրակած պետական պահպանության աշխատակցի անունը, Սոնա Տռուզյանը նշեց. «Կատարվում է քննություն և այս պահին դեռ չենք հրապարակում: Ամբողջական հանգամանքները, երբ լիարժեք պարզ կլինեն, բնականաբար, բոլոր մանրամասները կներկայացվեն»:
Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը նշեց, որ կրակոցները, նախնական տեղեկություններով, եղել են երկուսը. մեկը նախազգուշական՝ օդ և մեկը Վրեժ Գալստյանի ուղղությամբ՝ գոտկատեղից ներքև:










