Ջոն Քերին Ֆրանսիայի հետ կքննարկի սիրիացի ապստամբներին զինելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել Փարիզ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ քննարկելու սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն տրամադրելու հարցը. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Նման հայտարարություն են արել ամերիկյան պաշտոնյաները՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան բացահայտորեն կողմ էր արտահայտվել Սիրիային զենք մատակարարելու էմբարգոն վերացնելու օգտին։
Ավելի վաղ Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, թե անհրաժեշտ է աջակցել սիրիացի ապստամբներին` մարտի դաշտում հակամարտող ուժերի միջև հավասարակշռության ապահովման համար։
Նա նաև նշել էր, որ Մեծ Բրիտանիան ևս աջակցում է այս գաղափարին։ Սակայն Միացյալ թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգն այլ տեսակետ էր հայտնել։ Եվրոպական Միության երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո, Դուբլինում, նա հասկացնել տվեց, որ Լոնդոնը դեռևս չի պատրաստվում զինել սիրիացի ընդդիմադիրներին։
Ամերիկյան լրատվամիջոցները վկայում են, որ ԵՄ-ն քննարկում է էմբարգոյի հարցով մի քանի տարբերակ, որի ժամկետը լրանում է մայիսի վերջին։
ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է ուժեղացնել զինյալների հիմնական այն խմբերին, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ, սակայն վախենում են, որ զենքերը կարող են հայտնվել «Ալ-Կաիդայի» հետ կապված իսլամիստ զինյալների ձեռքում։
Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ չգիտեն, թե որ խմբավորումներն են մտնում սիրիական ընդդիմության խայտաբղետ շարքերը։










