Իսրայելցի նախարարի կարծիքով՝ Էրդողանն արաբ է

10:46 • 25.03.13

Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնին, ով այժմ զբաղեցնում է երկրի արդարադատության նախարարի պաշտոնը, անդրադառնալով վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Թուրքիայից ներողություն խնդրելուն և Թուրքիայի արձագանքին, Էրդողանին արաբ է համարել։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, նախարարը նշել է, որ «արաբ առաջնորդների կոշտ հայտարարությունները երբեմն ստիպված են լինում կուլ տալ»։

Նա նշել է, որ Թուրքիայի հարձակողական մոտեցումն անգամ ներողությունից հետո իրեն չի զարմացրել։
 

Լիվնին ասել է, որ ճիշտ է համարում ներողություն խնդրելը և դրանից «Մավի մարմարա» նավի գործողությանը մասնակցած իսրայելցի զինվորականներն անհանգստանալու կամ նեղանալու պատճառ չունեն։

 

«Իսրայելը ներողություն խնդրելով թուրքական նավատորմի դեմ իրականացրած գործողության համար՝ ռազմական գործունեության կարևորությունն ու անհրաժեշտությունը չի ստվերում»,-ասել է նախարարը։

 

Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը երկու երկրների միջև կդադարեցնի նաև Թուրքիայում իսրայելցի զինծառայողների և պաշտոնյաների դեմ սկսված դատավարությունը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներողությունից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն անմիջապես ամբողջությամբ չեն վերականգնվի: Թուրքիայի դեսպանն Իսրայել չի վերադառնա, քանի դեռ մահացածների հարազատներին փոխհատուցում չի տրամադրվել և Գազայի հատվածի շրջափակումը չի վերացել։