ԱՄՆ ՀԴԲ-ն Աբրամովիչին հարցաքննել է Բերեզովսկու մահվան գործով

19:44 • 25.03.13

Ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը և ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), այնուամենայնիվ, առնչություն ունեցել են այսօր, հայտնում է RBC Daily-ն:

 

Սակայն նրան ոչ թե ձերբակալել են, ինչպես հայտնել էին ավելի վաղ, ինչը հաջորդիվ հերքել էր Աբրամովիչի իրավաբանը, այլ հարցաքննել: Հարցաքննության առիթ է հանդիսացել ռուսաստանցի մեկ այլ օլիգարխի՝ Բորիս Բերեզովսկու առեղծվածային մահը:


Աղբյուրը նշում է, որ ՀԴԲ-ն Աբրամովիչին հարցաքննել է Բրիտանիայի հատուկ ծառայության՝ MI5-ի խնդրանքով:
Հայտնի է, որ Բերեզովսկին վերջերս խոշոր դատական հայց էր տանուլ տվել Աբրամովիչին. ԶԼՄ-ներում շրջանառվում էր 6,5 մլրդ դոլար գումարը:

 

 

Բերեզովսկին պնդում էր, որ ժամանակին իր գործընկերը եղած Աբրամովիչը դավաճանել է իրեն և սպառնալիքների դիմելով` ստիպել վաճառել Sibneft նավթարդյունաբերական ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը` դրանց իրական արժեքից բավական ցածր գնով: Բերեզովսկու խոսքով` իր բաժնետոմսերի գինը եղել է 7 մլրդ դոլար, սակայն Աբրամովիչի ճնշման տակ դրանք վաճառել է ընդամենը 1.5 մլրդ-ով:

 

Աբրամովիչը հերքում էր իրեն առաջադրված բոլոր «ֆանտաստիկ» մեղադրանքները` նշելով, որ պարտք չէ Բերեզովսկուն:

 

Օլիգարխների այս գործը համարվում է մասնավոր անձանց ամենախոշոր դատական վեճը պատմության մեջ: