Ազատության հրապարակում մի ֆրանսիացի է նստած՝«Աղոթենք միասին հայերի միասնության համար» պաստառով
Ֆրանսիայից Հայաստան ժամանած Լուկ Վանդովալն այսօր վաղ առավոտից Ազատության հրապարակում է: Նա՝ «Աղոթենք միասին հայերի միասնության համար» գրությամբ ու կողքին՝ խաչ նկարված պաստառով, նստել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հարևանությամբ: Թե ինչու է այլազգի մարդը Ազատության հրապարակում միասնություն քարոզում, պարզել հնարավոր չեղավ՝ թարգմանչի բացակայության պատճառով: Նա խոսում է միայն ֆրանսերեն:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ այլազգի անձնավորությունն այսօր առաջին անգամ է նման գրությամբ եկել Ազատության հրապարակ, սակայն իրենք էլ չգիտեն, թե ինչ մղումներով:
Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Ազատության հրապարակում 16-րդ օրն է հացադուլ է անցկացնում, թեև իր նստարանի ծածկի չորս կողմում փակցված են՝ «Շնորհակալություն, լավ եմ» գրությամբ փոքրիկ պաստառներ, սակայն ինքն է մոտենում ու հարցնում անցնող քաղաքացիների որպիսությունը և փոխադարձաբար ստանում նույն հարցը:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էր նաև նրա մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:










