ՀՀ ԶՈւ գոմեշի միս մատակարարելու գործով փոխգնդապետ է ձերբակալվել

15:21 • 25.03.13

ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերով քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):


Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը, նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ։
 

Մինչ այդ` 29.08.2012թ., ձերբակալվել, այնուհետև, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) մեղադրանքով կալանավորվել էր «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը:


Դեռևս 21.02.2013թ և 22.02.2013թ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր):


Նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին: