Ուժային կառույցների մասին Ր. Հովհաննիսյանի առաջարկը լուրջ չէ. ՀՀԿ–ական պատգամավոր
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն անլուրջ է համարում այն, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջեց, ՀՀ ուժային որոշ կառույցներ ղեկավար իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած մարդիկ։
«Այդ կառույցները նախագահի «պրիարիտետն» է: Պատկերացնո՞ւմ եք, որ գործը հասնի նրան, որ ԱԱԾ ղեկավարին նշանակի ընդդիմության ներկայացուցիչը, այն էլ այն ուժը, որը իմ կարծիքով ղեկավարվում է դրսից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջում է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունում, Հարկային և Մաքսային կոմիտեներում, Ազգային անվտանգության ծառայություններում, Արտաքին գործերի, Կրթության ու գիտության նախարարություններում, Վերահսկիչ պալատում, Արդարադատության խորհրդում և հակակոռուպցիոն հանձնաժողովում նշանակվեն Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները:
Համլետ Հարությունյանը հիշեցրեց, որ կոալիցիայի սկզբունքները Ազատության հրապարակում ու փողոցներում չեն մշակվում:
Հարցին, թե, ի վերջո, իշխանությունը, որ պաշտոնները կզիջի, նա ասաց. «Ես լիազորված չեմ, որ պաշտոններ տամ որևէ մեկին: Ես ի՞նչ իմանամ, թե ինչ կտան, բայց երբեք չեմ կարծում, որ ուժային կառույցները պետք է տալ ընդդիմությանը, աշխարհում նման դեպք չի եղել»,-ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ այդ պաշտոնները պահանջելով Րաֆֆի Հովհաննիսյանը վիժեցնում է իշխանության հետ փոխադարձ փոխզիջման ընթացքը:
«Ինքը պատրաստ չէ բանակցային գործընթացի: Այնպիսի հարցեր է բարձրացնում, որ Սահմանադրությանը հակասում է: Ես ուժային նախարարությունները երբեք այլ կուսակցության չեմ տա: Հատկապես մեր տիպի երկրներում, այդքան անփույթ չեն վերաբերվում այդ կառույցների հետ»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Համլետ Հարությունյանը Հայաստանի ներքին քաղաքական վիճակը կայուն է գնահատում, բայց ոչ բարվոք: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է արտաքին թշնամիներին:
«Իրավիճակից օգտվելու են մեր չուզողները: Սա մեր ժողովրդին ոչ մի օգուտի չի բերելու, բացի վնասից: Ամբողջ աշխարհում համոզված են, որ մեր նախագահը լեգիտիմ ձևով է վերընտրվել»,-ասաց նա:










