ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը կշարունակի իր նախորդի դիվանագիտական ուղենիշը. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր կայացած ասուլիսին Հայաստանում Ռուսաստանի նախկին ու նորանշանակ դեսպանների մասին խոսելով ասաց, որ Հայաստանի հետխորհրդային շրջանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ամենափորձառու դիվանագետն էր և պատահական չէ, որ հենց նա է եղել Ռուսաստանի դեսպանը Վրաստանում ամենալարված շրջանում։
«Նախկին դեսպանը մեծ աշխատանք է տարել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև 2010-ի երկկողմ մեծ պայմանագրի կնքման հարցում, բացի այդ, Կովալենկոն բավականին խորը տեղեկություններ ուներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ նոր դեսպան Իվան Վոլինկինը կշարունակի Վյաչեսլավ Կովալենկոյի դիվանագիտական ուղենիշը և կօգտագործի դիվանագիտական իր մեծ փորձառությունը, ինչն ավելի կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները: Ինչպես նաև նա լուրջ դեր կխաղա Հայաստան–Վրաստան–Ռուսաստան հարաբերություններում։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը բացառիկ նշանակություն է փորձում ձեռք բերել ռուս-վրացական հարաբերություններում, և դա կարևոր դեր կունենա Հայաստանի համար։










