Անջելինա Ջոլին ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելեն Աֆրիկա
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգն ու հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այս շաբաթ կուղևորվեն Աֆրիկա՝ հակամարտության գոտիներում բռնաբարությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։
Ինչպես հայտնում է The Independent-ը, Հեյգն ու ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ջոլին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Ռուանդայում կհանդիպեն բռնաբարությունների և սեռական այլ բռնությունների զոհերի հետ, ինչպես նաև կոչ կանեն այդ երկրների կառավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտիներում սեռական բռնություններին վերջ դնելու համար։
«Այս այցելությունները հնարավորություն կտան ծանոթանալ հակամարտության պայմաններում բռնաբարությունների և սեռական բռնությունների զոհ դարձած մարդկանց պատմություններին։ Արդյունքում մենք կփորձենք տարբերակներ մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի միջազգային հանրության աջակցությամբ օգնել այս մարդկանց վերակառուցել իրենց կյանքը»,-ասել է Ջոլին։










