ԱՄՆ պետքարտուղարն անակնկալ այց է կատարել Աֆղանստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված, անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան, հայտնում է Washington Post-ը:
Նույն առիթով Al Jazeera-ն նշում է, որ Քերին բանակցելու է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ՝ վերջինիս մտահոգությունների շուրջ:
Նախօրեին Քերին նույն ձևաչափում՝ անսպասելի մեկնել էր Իրաք՝ քննարկելու Սիրիայի հետ սահմանի հսկողության ուժեղացման հարցը:
AP-ն հայտնում է, որ Քարզայը Վաշինգտոնին մեղադրում է թալիբանների հետ գաղտնի համաձայնություն ունենալու համար, իսկ ամերիկյան կողմը, իր հերթին, համարում է, որ Քարզայը վտանգում է այդ երկրում ծայրահեղականության դեմ պայքարը: Լրացուցիչ նշվում է, որ Քերիի այցը տևելու է 24 ժամ և քննարկվելու է Աֆղանստանին ամերիկյան օգնության հարցը:










