Աթոռ հանգուցյալի համար. Մեքսիկայի նարկոմաֆիան կրկին ցնցել է ամբողջ աշխարհը հերթական սպանությամբ

10:36 • 25.03.13

Մեքսիկայի Միչոական նահանգի Ուրուապան քաղաքի փողոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու 7 դիակ, հայտնում է Russia Today-ը։

Մարդասպանները նրանց նստեցրել են աթոռներին և դիակներին ամրացրել սպառնալիքներով գրություններ։

 

Տեղացիները չեն կարողացել բացատրել, թե ով և երբ է դիակները բերել այդտեղ։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել զոհերի անունները։

 

Ըստ նախնական տվյալների՝ տղամարդիկ դարձել են մաֆիոզական կլանների միջև ընթացող պատերազմի զոհը, որը շարունակվում է ավելի քան 10 տարի և սրվել է վերջին տարիներին։

 

Las Zetas կարտելից նախկին բանակայինների մի խումբ առանձնացել է իր հիմնական կլանից և հիմնել սեփական խմբավորումը՝ «Միչոականի ընտանիքը»։

 

Խմբավորման առաջնորդ Նասարիո Մորենա Գոնսալեսը, ով հայտնի է Խելագար մականունով, ասույթների հատուկ գիրք է գրել, որը խմբավորման անդամները պետք է անգիր իմանան։ Նա հիմնավորել է բանդայի «աստվածային» իրավունքները նահանգի տարածքով թմրանյութեր տեղափոխելիս և կոչ է արել նրանց չօգտագործել այն նյութերը, որոնք տեղափոխում են։

 

2010թ. մրցակիցները գնդակահարել են Գոնսալեսին, որից հետո «ընտանիքը» ստիպված է դիմակայել նրանց։ Պատերազմի զոհն են դարձել հարյուրավոր մարդիկ։