Պարույր Հայրիկյանը պատրաստ է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը

10:18 • 25.03.13

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստ է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, այս մասին տեղեկանում ենք նրա «Հայրիկեան նախագահ» ֆեյսբուքյան էջում արված գրառումից, որը Հայրիկյանն ինքը չի գրել, այլ թելադրել է ուրիշին, քանի որ ձեռքի վիճակը գնալով վատանում է, ու «համակարգչի ստեղնաշարը վեր է ածվել տանջանքի գործիքի»։


«Քաղաքական հարցադրումներին և խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ և լուծումներ գտնել։ Եւ ես մտածում եմ Սերժ Սարգսեանին (ՍՍ) ու Րաֆֆի Յովհաննէսեանին (ՐՅ) առաջարկել նրանց իսկ յայտարարություններից բխող և իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողութիւնների համակարգ։ ՐՅ-ն իրեն նախագահ ճանաչելով եւ ՍՍ-ին նախագահ չճանաչելով յանդերձ ՍՍ-ին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխօսութիւնն ամեն ինչից վեր դասեց»,– ասվում է գրառման մեջ։

«ՍՍ-ն արձագանքեց երկխօսութեան առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք ՈՐՊԷՍ ԱԶԳ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԷՍ ԲՆԱՋՆՋՈՒԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ։ Եւ այս արտահայտուող կամ քողարկուող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել ՐՅ-ի և ՍՍ-ի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը»,- նշում է Պարույր Հայրիկյանը՝  այս իրավիճակում իր պարտքը համարելով հայտարարել, որ պատրաստ է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը (ՍԲՅ)։


Պարույր Հայրիկյանը նշում է, որ 1998-99 թթ. նա նման աշխատանքի փորձ ունեցել է: Ապա նա ավելացնում է.«Առօրեական քաղաքական նպատակադրումներ ունեցող ՐՅ-ն բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՅ նախագահ դառնալու ՍՍ առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մէկ՝ առաւելագոյնը երկու տարուա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաեւ այս իրողութիւնն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։

Հենց սկզբից բոլորը պէտք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարութեան և մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից եւ գտնուելու վայրից։ Իսկ առաջարկիս ՍՍ-ի եւ ՐՀ-ի համաձայնվելու դեպքում ՐՀ-ն կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը եւ լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախօսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած յանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ»:
 

Անդրադառնալով իր վրա կատարած մահափորձի արդյունքում ստացած վնասվածնքրեին՝ Պարույր Հայրիկյանը հույս է հայտնում, որ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ է։
«Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկութիւնը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատուելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, եւ նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաեւ Հոլանդիայից»,– նշում է նա։

Պարուր Հայրիկյանը շարունակում է խստացված պաս պահել՝ միայն չեփած կանաչեղեն և միրգ), իսկ վաղվանից հավանաբար հնգօրյա ծոմի կանցնի։ Անցած տարի՝ Զատիկից առաջ, տասներկու օր ծոմ է պահել։


«Րաֆֆի Յովհաննէսեանը (և որևէ հայ քրիստոնեա) չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։ Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց ըստ էության նաեւ ծոմ է։ Ո՞րն է ելքը»,-հարցնում է Պարույր Հայրիկյանը