Մահափորձ Սիրիական ազատ բանակի հրամանատարի դեմ. նա ծանր վիրավոր է
Սիրիական ազատ բանակի հրամանատար Ռիադ ալ-Ասադը մահափորձի հետևանքով ծանր վիրավորվել է։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ «Ալ Մայադին» հեռուստաընկերության հղումով, նա տեղափոխվել է Սիրիայի արևելքում գտնվող հիվանդանոցներից մեկը։
Նրա՝ թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենան, որով տեղաշարժվում էր Սիրիայի Զինված ուժերի նախկին գնդապետը, ռումբ է տեղադրված եղել։
Ռիադ ալ-Ասադի դեմ մահափորձը տեղի է ունեցել Դեյր էզ-Զոր քաղաքի մոտակայքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների միջև։
Երեկ Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչ Աբդել Համիդ Զաքարիան հարտարարել էր, որ ապստամբները չեն ճանաչում Ղասսան Հիթոյին, ով անցյալ շաբաթ Ստամբուլում Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ էր ընտրվել, որը պետք է գործի Սիրիայի «ազատագրված շրջաններում»։
Այդ հայտարարությունը հակասում է Սիրիայի ազատ բանակի շտաբի ղեկավար Սելիմ Իդրիսի հայտարարությանը, ով Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի նիստի ընթացքում հավաստիացրել էր, որ աջակցում է Հիթոյի ղեկավարությամբ «քաղաքացիական իշխանությանը»։










