Վիճակը դժվար պիտի լինի, քանի ժողովուրդը գործ չունի արդար պաշտոնյաների հետ. Ռիչարդ Հովհաննիսյան (տեսանյութ)

11:22 • 25.03.13

Tert.am-ը զրուցել է Ազատության հրապարակում արդեն 16 օր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ կցանկանար համոզել որդուն, որ դադարեցնի հացադուլը, բայց մյուս կողմից՝ նա հարգում ու հասկանում է այդ որոշումը և լիահույս է, որ այն աստիճանի չի հասնի այս տագնապը, որ որդու առողջական վիճակն անվերադարձ վնասվի: Ռիչարդ Հովհաննիսյանը նաև նշում է, որ Հայաստանում ներկա դժվարությունները կպահպանվեն, քանի դեռ կառավարման համակարգում աշխատում են անարդար պաշտոնյաներ։


- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր որդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի հետագան:


- Ես չգիտեմ, ես հեռվից եմ դիտում, ես միայն գիտեմ, որ և՛ երկիրը, և՛ ժողովուրդը արդարության և հանգստի կարոտ են, զարգանալու կարոտ: Ես, ինչպես սրանից առաջ եմ ասել, կարծում եմ, որ փոխզիջման, կոմպրոմիսի, երկխոսության ելք կարելի է գտնել, որը ո՛չ մեկին բոլորովին կուրախացնի, ո՛չ մյուսին, բայց երկուսին ինչ-որ տեղ կտա, որպեսզի իրենց ծրագրերն առաջ տանեն:
Հատկապես Րաֆֆիի պարագայում, դուք գիտեք, որ ժողովրդի մարդ է՝ շատ մտահոգված: Ես չեմ ասի, որ որևէ մեկն այդպիսին չէ, բայց ինքն իսկապես ժողովրդի ցավը զգում է, և հատկապես արտագաղթը, որը հիվանդագին վիճակ է ստացել: Ես հիշում եմ՝ սովետական տարիներին «Հայրենիքի ձայն» թերթ կար, և ամեն ամիս ասում էին, որ այս ամիս 450 հոգի վերադարձել է Հայաստան, հաջորդ ամիս 380-ն են եկել զանազան այլ երկրներից … Միանգամից դա լրիվ փոխվեց, և հավաքվելու փոխարեն նորից ցրվեցին: Երկրի ապագայի համար սա ամենավտանգավոր երևույթն է, և միջոցներ պետք է գտնենք դեմն առնելու:


Մենք գիտենք, որ, ի վերջո, տնտեսական զարգացումն է (նկատի ունի տնտեսական զարգացման բացակայությունը – Tert.am), մինչև որ մեր ժողովուրդն աշխատանք չունենա, մինչև որ հաց չկարողանա ճարել, իր զավակներին ազատորեն դպրոց չի կարողանա ուղարկել, և մինչև արդար պաշտոնյաների հետ գործ չունենա, այս վիճակն այսպիսին դժվար պիտի լինի: Բայց հույսով պիտի մնանք և ոչ միայն հույսով, որովհետև հույսը բավարար չէ, այս պարագայում հույսը և աշխատանքը միաժամանակ պետք է լինեն: 


-Ներկա իրավիճակի հարցում Րաֆֆի Հովհաննիսյանի և Ձեր տեսակետները որքանո՞վ են համընկնում։



- Ես դա չեմ կարող ասել, ինքն ուրիշ մարդ է, իր որոշումներն է կայացնում, հարգում է ինձ, սիրում է ինձ, բայց իր կյանքի ընթացքն իրեն է պատկանում: Ես, օրինակ՝ շատ դեմ էի, որ ինքը հանձներ ամերիկյան անձնագիրը: Մարդիկ համարյա կյանքերը կտան ամերիկյան անձնագիր ձեռք բերելու համար, իսկ ինքը Ամերիկայում ծնվելով և շատ բարգավաճ կյանք ունենալով, ամեն ինչից հրաժարվեց, և նույնիսկ այդ անձնագրից, և ամենազավեշտալին այն է, որ երբ գալիս է մեզ այցելելու, նա օտար հպատակների շարքին պետք է դասվի, և երբ անցնում է Անձնագրային բաժնով, մարդիկ ասում են, որ նա սխալ տեղում է կանգնել, նա պետք է գնար մյուս՝ ամերիկացիների շարքը: 


Ուզում եմ ասել, որ իր կյանքը նվիրել է, զոհել է իր գաղափարներին: Մենք կարող է որոշ ներդրումներ ունենայինք կամ ունեցել ենք, բայց իր կյանքի ընթացքն ինքն է որոշում:


-Լուրեր են շրջանառվում, որ դուք Հայաստան եք եկել Րաֆֆի Հովհաննիսյանին իր որոշումներում հակառակը համոզելու համար, ի՞նչ կասեք այդ մասին:

- Ճիշտ չէ, ես եկել եմ Երևան դեռ երկու ամիս առաջ ծրագրված, որովհետև մենք այստեղ ունեինք Հայկական ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով, և ես եկել եմ այդ խորհրդաժողովին մասնակցելու: Եթե ես կարողանայի համոզել իրեն, որ այս հացադուլը թողնի, իհարկե, կցանկանայի համոզել, բայց մյուս կողմից՝ հարգում եմ իր որոշումը, հասկանում եմ այդ որոշումը և հուսամ, որ այն աստիճանի չի հասնի այս տագնապը, որ նրա առողջական վիճակն անվերադարձ վնասվի: