Բողոքի ցույց Թբիլիսիում՝ քաղաքապետին ձերբակալելու պահանջով

18:00 • 25.03.13

Թբիլիսիի սոցիալապես անապահով բնակիչները փակել են քաղաքապետարանի փողոցը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երթևեկությունը չեն բացի, քանի դեռ քաղաքապետ Գիգի Ուգուլավան չի ձերբակալվել։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, ակցիան իրականացվում է ի նշան 1-ամյա Գոգիտա Աբաշիձեի ընտանիքի հետ համերաշխության, որը մահացել էր հյուծումից։

 

Ինչպես հայտարարել է քաղաքապետարանի սոցիալական սպասարկման և մշակույթի բաժնի ղեկավար Մամուկա Կացարավան, կան հարցեր, որոնց լուծումը դուրս է քաղաքապետարանի իրավասություններից։


«Իրավասությունների շրջանակում քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահովներին»,- ասել է Կացարավան՝ հավելելով, որ տենդեր է իրականացվում, ինչից հետո սոցիալապես անապահովներին կենցաղային իրեր են բաժանվելու։

 

Նա նշել է, որ քաղաքապետարանի իրավասություններից դուրս է նաև քաղաքացիներին վարկանիշային միավորների տրամադրումը՝ սոցիալապես անապահովների բազայում ներգրավելու համար։