ԱՄՆ-ում հացադուլ հայտարարած հայ ակտիվիստը մտադիր է շարժատնակով շրջել երկրով ու իր բողոքի ձայնը լսելի դարձնել բոլորին
ԱՄՆ Բերբանկ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) շարունակվում է ամերիկահայ լրագրող, ակտիվիստ և իրավապաշտպան Արա Մանուկյանի հացադուլը: Ակտիվիստը հացադուլը սկսել է մարտի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի առջև. նա այդկերպ բողոքում է վերընտրվելու կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քայլի դեմ:
«Վստահելի ապացույցներ կան, որ 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին....: Իսկ Միացյալ Նահանգների նման հզոր պետությունն իր շնորհավորական ուղերձով պարզապես օրինականացնում է այդ ընտրակեղծիքները»,- մարտի 10-ին Բարաք Օբամային ուղղված նամակում գրել էր Մանուկյանը և «զգուշացրել», որ շնորհավորական ուղերձը ետ չվերցնելու դեպքում ինքը հացադուլ է սկսելու:
Մանուկյանի նամակն ԱՄՆ նախագահին է ուղարկվել Ադամ Շիֆի գրասենյակի միջոցով: «Ինչպեսև բոլոր այն դեպքերում, երբ ինչ-որ մեկն ինչ-որ մտահագություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմի քայլերի առնչությամբ, այս անգամ ևս մենք Մանուկյանի մտահոգությունները գրավոր ուղարկել ենք Սպիտակ տուն և Պետքարտուղարություն: Հենց որ պատասխան ունենանք, անպայման տեղյակ կպահենք Մանուկյանին»,-ամերիկյան The Burbank Leader պարբերականին հայտնել է գրասենյակի ներկայացուցիչը:
«Երբ նախագահն ինչ-որ առիթով շնորհավորում է ինչ-որ մեկին, դա նշանակում է, որ մենք բոլորս՝ դուք, ես, մեզանից յուրաքանչյուրը ևս շնորհավորում է այդ մարդուն: Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգտագործում է այդ շնորհավորանքները՝ օրինականացնելու համար կեղծ ընտրությունը,-պարբերականի հետ զրույցում ասել է Մանուկյանն ու ավելացրել, որ նման քայլերով «խեղաթյուրվում են» ամերիկյան արժեքները:
Մանուկյանը նշել է, որ հույս չունի, թե Սպիտակ տունը մոտ օրերս կպատասխանի իր նամակին: Ինքն, այդուհանդերձ, պատրաստ է սպասել, ի վիճակի է ևս երկուսուկես ամիս շարունակել հացադուլը: Ավելին, նա մտադիր է իր շարժական վրանով Բերբանկից մայրաքաղաք Վաշինգտոն հասնել, կանգառներ կատարել տարբեր քաղաքներում և իր բողոքի ձայնը լսելի դարձնել բոլորին:
Ակտիվիստը պատմել է, որ ինքը «լավ պատրաստվել է» հացադուլին. բողոքի այդ ծայրահեղ միջոցին դիմելուց մոտ երեք շաբաթ առաջ սննդակարգից հանել է միսը, տապակած ուտելիքը...., վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլ (հացադուլից առաջ) միայն միրգ ու բանջարեղեն է կերել: «Ես ինձ շատ լավ եմ զգում»,-ասել է նա:










