Հետընտրական զարգացումները Գալուստ Սահակյանին ցավ և ծաղր են հիշեցնում

12:17 • 26.03.13

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հետընտրական զարգացումներից մի կողմից ցավ է զգում, մյուս կողմից ամենը նրան ծաղր է հիշեցնում:
 

«Հիմա մի մասը ծաղրի հետևից է գնում, մյուսը` ցավի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը, ամեն դեպքում կողմ է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նստի երկխոսության:


«Հենց գնացին պաշտոններ տրամադրելուն, ընդդիմադիր դաշտը չի ձևավորվի, որովհետև կդառնան իշխանություն, իսկ եթե ուզում են դա, թող հայտարարեն ժողովրդին՝ ուզում ենք մարզպետ դառնալ, գյուղապետ դառնալ: Ես առավել ևս տրամադրված եմ համագործակցություններին, որովհետև մեր իրականության մեջ թշնամիներ, հակառակորդներ չպետք է ունենանք, բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար»,- ասաց նա:
 

ՀՀԿ–ական պատգամավոր բացատրեց, թե ինչ նկատի ունի համագործակցություն ասելով. ունենալ կազմակերպված ընդդիմություն, որը կանհանգստացնի իշխանությանը, կպայքարի արտագաղթի դեմ։ Հարցին, թե ինչպես պայքարել, երբ լծակներ չկան, ՀՀԿ պատգամավորը նկատեց. «Իր թիկունքում ամբարել ժողովուրդ և դա լինի նաև իր լծակը: Իսկ եթե լծակ են ուզում, դա էլ կարելի է քննարկել»,- ավելացրեց նա:
 

Գալուստ Սահակյանը խնդրում է չմոռանալ, որ հայ հասարակությունն արդեն իսկ ընտրված նախագահ ունի և «Սերժ Սարգսյանն 860 000 իր ձայներն է վաստակել, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում ոչ թե իր ձայներն են, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ի»:
 

«Բայց դե ունենք ժողովուրդ , որ խնդիրներ ունի, չէի ցանկանա որևէ քաղաքական թիմ ժողովրդին պատանդ պահի, մեսիջներ ուղարկի, որպեսզի ընտրազանգված պահպանի»,- ասաց նա:

Ըստ բանախոսի` իրենց նպատակն է ձևավորել նոր քաղաքական մշակույթ: «Ձևավորել մի դաշտ, որը կարելի է կառույցի վերածել: Մենք չենք ուզի ընդդիմադիր դաշտը, ինչպես վերջին տարիներին է եղել, որ անգործության մատնվի: Մենք վախի ազդեցություն չունենք, մենք մտածում ենք պետականության մասին»,- շեշտեց նա:

 

Գալուստ Սահակյանը նաև նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն անտեսի երկխոսության առաջարկը, ապա հոգ չէ. ՀՀԿ-ն կշարունակի իր ծրագրերը առանց նրա էլ կյանքի կոչել. «Եթե չգնա, մենք ծրագրերով գնալու ենք առաջ»:
 

«Հանրապետական» խմբակցության ղեկավարը նաև խոսեց Երևանի ավագանու ընտրություններից՝ նշելով, որ ընտրություններից առաջ քաղաքական թիմերը, որ Երևանի մասին չեն խոսել, սկսեցին համատարած սիրել Երևանը:
 

«Տարիներ շարունակ Երևանից չեն խոսել, սկսեցին միանգամից սիրել Երևանը, մենք ասում ենք, որ կարևորը երևանցիները սիրեն քաղաքական ուժերին»,-եզրափակեց նա: