Նելսոն Մանդելան դարձել է Փարիզի պատվավոր քաղաքացի
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան դարձել է Փարիզի պատվավոր քաղաքացի, տեղեկացնում է Голос России-ն։
Համապատասխան որոշումը միաձայն կայացրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը։
Պատգամավորներն ընդգծել են, որ 94-ամյա նախկին նախագահը երբեք չի դադարել պայքարել խաղաղության, ժողովրդավարության և հավասարության համար։
Անցյալ տարվա վերջին Մանդելան հոսպիտալացվել էր՝ բուժզննում անցնելու նպատակով։ Նրա մոտ թոքային վարակ էր հայտնաբերվել, ինչպես նաև հեռացվել էին լեղապարկի քարերը։ 18 օր հիվանդանոցում մնալուց հետո նա դուրս էր գրվել։
Այժմ նա բնակվում է Յոհանեսբուրգում գտնվող իր տանը։
Պետության նախկին ղեկավարն արդեն վաղուց չի հայտնվել հանրության մեջ։ Վերջին անգամ նա հանրությանը երևացել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում՝ 2010թ.-ին։










