Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ համագործակցությունը պահանջված է և օգտակար ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար` հավելելով, որ առկա են բոլոր նախադրյալները փոխգործակցության ընդլայնման և խորացման համար:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է նաև Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին և քննարկել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:










