Կամ եկեք Ազատության հրապարակ, կամ պատասխանեք գրավոր. Ր. Հովհաննիսյանի պատասխան նամակը Ս. Սարգսյանին

12:18 • 26.03.13

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակին, որով գործող նախագահը իրեն ուղղված առաջարկները քննարկելու առաջարկ էր անում, բայց դրա համար, մինչ այդ խնդրում դադարեցնել հացադուլը և կազդուրվել երկու օր։


Ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը ստորև.


Պարոն Սերժ Սարգսյանին


ՀՀ գործող նախագահ
Բաղրամյան պողոտա, 26
Երևան
 Հարգելի պարոն Սարգսյան,


Երեկ ստացա Ձեր՝ մարտի 25-ի թվակիր նամակը։ Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին։


Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը։


Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ձեզ և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով՝ Ազատության հրապարակում։ Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքայի հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի։


Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթերից բխող՝ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին։
 

Հայրենիքի հավատամքով և ժողովրդի ձայնով՝


Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը