Ռուբիկ Հակոբյանը հնարավոր է համարում կողմերի միջև փոխզիջումը

13:47 • 26.03.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկխոսության ընթացում ձեռք բերվի որոշակի փոխզիջում: Այսինքն՝ կողմերի առաջարկները իմպերատիվ չեն և հնարավոր է՝ որոշ հարցեր ավելանան կամ պակասեն: 


Այսօր, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ փոխզիջումը մտնում է բանականությունների մշակույթի մեջ, որպեսզի կարողանան հղկել, հարթել այն հումքը, որը գտնվում է որպես քննարկման թեմա»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:


Նա նշեց, որ երկխոսությունը մի բան է, բանակցությունը՝ մի բան, համագործակցությունը մեկ այլ բան: «Այլ հարց է՝ սա կարո՞ղ է ծնել բանակցությունների սեղան, թե՝ ոչ: Սա կարևոր է, եթե երկխոսությունը կարողանա ծնել բանակցելու տրամադրություն և անհրաժեշտություն, այդ դեպքում ձեր ասած հարցերը կքննարկվեն»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:


Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով պատասխանել էր նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի ավելի վաղ արված առաջարկներին և պատրաստակամություն հայտնել համագործակցելու։ Սերժ Սարգսյանի նամակին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է այսօր՝ նախագահին կոչ անելով կա՛մ գալ Ազատության հրապարակ, կա՛մ գրավոր պատասխանել իր առաջարկներին։


Ռուբիկ Հակոբյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ կա իշխանության հետ երկխոսության փորձ և ոչ լավ նախադեպ՝ ի դեմս ՀԱԿ-ի և իշխանության, որն ավարտվեց ոչնչով: 


«Հիմա ասում են՝ ինչ երաշխիք ունեք, որ դուք կհաջողեք: Եվ ինչ ռազմավարություն եք մշակել: Պատասխան. իհարկե, կա նախադեպ և տառապանքի փորձ ու մեզ շատ հարազատ մարդիկ ասում են՝ հանկարծ չգնաք, որովհետև նրանք խաբողներ են, հասկանալի լեզվով ասած՝ քցողներ են: Բայց դա չի նշանակում, որ եթե նախադեպը կա մենք պետք է վախենանք, չկրկնենք»,- ասաց և ավելացրեց, որ այս տրամաբանությանը հետևելով կարելի փակվել տանը և ոչինչ չանել:


Պատգամավորը նշեց, որ  քաղաքականության մեջ իմունիտետ կա՝ գնալ երկխոսության և նշաձող պահել, թե մինչև որ կետը կարելի է այդ երկխոսության ընթացքում փոխհամաձայնության գալ: Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը և իր թիմը ճշտել են այն ներքին նշաձողը, որից այն կողմ չեն գնալու:



Ռուբիկ Հակոբյանի ասուլիսին հարց հնչեց, թե ինչու են իրենք պահանջում Սերժ Սարգսյանի, մարզպետների ու նախարարների հրաժարականը, սակայն ոչ Տիգրան Սարգսյանի, այն դեպքում, երբ դժգոհում են տնտեսությունից, արտագաղթից և այլն:


Ի պատասխան՝ նա նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք օրական 25 անգամ պահանջում են վարչապետի հրաժարականը, սակայն չեն պահանջում նախագահի հրաժարականը: «Այսօրվա մեր քաղաքական իրականությունն այնպիսին է, որ վարչապետը՝ որպես վարչապետ, ավելի քիչ լիազորություններ ունի, քան կարող է ունենալ նախարարի կամ օլիգարխի թիկնապահի շեֆը»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը առաջարկելով չֆիքսվել անձերի վրա, քանի որ դա պարզ դեմագոգիա է համարում:


«Մենք պահանջում ենք կոնցեպտուալ մոտեցում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ընտրությունների արդյունքների վերանայում նշանակում է և՛ վարչապետի, և նախագահի հրաժարականը։


Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նամակին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կասկած հայտնեց, թե նամակում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները «հում» որակած Սերժ Սարգսյանն է գրել այդ եզրույթը: Ամեն դեպքում, նա խուսափեց երկխոսության փուլում նման բառեր օգտագործելուց:


Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ «Հայ ազգային կոնգրեսի» որոշ ներկայացուցիչներ ուղղակի պայքարում են շարժման դեմ և իրենց գնահատականները ուղղակի չեն տարբերվում այն գնահատականներից, որոնք տալիս են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, չնայած կան նաև գործընկերներ, որոնք իսկապես ամբողջությամբ նվիրված են:


Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ մարտի 23-ի միջադեպը, երբ մի քաղաքացի փորձել է վիրավորել Րաֆֆի Հովհաննիսյանին, պետք է շատ լուրջ ուշադրության արժանանա իշխանությունների և Ոստիկանության կողմից, քանի որ, իրականությունն այն է, որ այդ քաղաքացին մոտ հիսուն 50 մետր անցել է հայհոյելով, մարդկանց բրդելով և հասել հարթակ, որտեղ գտնվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս ընթացքում անցել է նաև ոստիկանների կողքով, որոնք որևէ կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել:


Այսպիսով, ըստ Ռուբիկ Հակոբյանի, եթե չլինեին Րաֆֆի Հովհաննիսյանին շրջապատող մարդիկ, ապա միջադեպը, հնարավոր է՝ ողբերգական ավարտ ունենար, քանի որ նրա ձեռքին «ինչ-որ բան է եղել»:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը այս միջադեպի առիթով քրեական գործ է հարուցել:


Ռուբիկ Հակոբյանը չի պնդում, որ Ոստիկանությունը միտումնավոր է անգործություն ցուցաբերել, բայց նկատի ունենալով այն փաստը, որ իշխանությունը մինչև հիմա որևէ կերպ չի արձագանքել Սևանի միջադեպին, երբ «Ժառանգության» անդամներին հայհոյել են և պատրաստվել ծեծի ենթարկել, ապա իշխանությունները «ինդուլգենցիա» կամ կանաչ լույս են վառում քրեական տարրերի դեմ, որոնց միջոցով քաղաքական հարցեր են լուծվում:


Ռուբիկ Հակոբյանը անդրադարձավ նաև Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներին և շատ կարևոր համարեց այն հանգամանքը, որ հարթակը այս ընթացում չմենաշնորհվեց, այլ հակառակը, ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց համար խոսափող հանդիսացավ: Ըստ նրա, այլ հարց է, որ ոմանք դա դարձրին շահարկման առարկա՝ տեսնելով հանդերձ, որ հարթակը ղեկավարվում է շարժման լիդերի կողմից:


«Բոլորը պետք է հասկանան, որ հարթակը, զարգացումները ղեկավարում է շարժման լիդերի կողմից, որ որևէ մեկ անգամ առիթ չենք տվել, որ որևէ մեկը կասկածի»,- նկատեց Ռուբիկ Հակոբյանը:


Նրա ասուլիսին նախորդեց Րաֆֆի Հովհաննիսյանի կարճ ծանուցումը, որ այսօր Ազատության հրապարակում կդիտեն Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը: